Հայաստանը հրապարակեց կազմը
Լյուքսեմբուրգի ֆուտբոլի հավաքականը փետրվարի 5-ին նախատեսած Հայաստանի ազգային թիմի հետ ընկերական խաղին սկսել է պատրաստվել դեռեւս հունվարի սկզբից: Այդ մասին տեղեկացնում է Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Մեր մրցակիցը հունվարի 8-14-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել թուրքական Բելեկում: Դրան մասնակցել են 22 ֆուտբոլիստ, որոնցից միայն Դուայն Հոլտերն է արտասահմանյան թիմում խաղում (գերմանական «Գրոյտեր Ֆյուրտում»):
Հունվարի 29-ին Լյուքսեմբուրգի ընտրանին ստուգողական խաղ կանցկացնի ֆրանսիական «Մեց» թիմի հետ, որից հետո կսկսի պատրաստվել Հայաստանի հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր հրապարակեց այդ խաղի նախնական կազմը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի - «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով - «Զոբ Ահան», Իրան
Արսեն Բեգլարյան - «Գանձասար»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան - առանց ակումբի
Վալերի Ալեքսանյան - «Սանաթ Նաֆթ», Իրան
Հրայր Մկոյան - «Կարպատներ», Ուկրաինա
Արտյոմ Խաչատուրով - «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Բանանց»
Տարոն Ոսկանյան - «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան - «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան - «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան - «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Կարեն Մուրադյան - «Շիրակ»
Արթուր Եդիգարյան - «Հովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս - «Կուբան», Ռուսաստան
Մարկոս Պիզելի - «Կուբան», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան - «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան - «Էմմեն», Հոլանդիա
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան - «Ուրալ», Ռուսաստան
Միխաիլ Մարկոսով - «Ուֆա», Ռուսաստան
Արթուր Սարկիսով - «Վոլգա», Ռուսաստան
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը Վարդան Մինասյանը ի սկզբանե ցանկացել էր առաջիկա հավաքին հրավիրել 30 ֆուտբոլիստ, քանի որ ֆեդերացիան բանակցություններ էր վարում Ֆրանսիայում եւս մեկ ընկերական խաղ անցկացնելու համար: Սակայն երբ պարզ է դարձել, որ 2-րդ հանդիպումը չի կայանալու, նա նպատակահարմար է գտել հրավիրել 22 ֆուտբոլիստ:
Նշենք, որ հրավիրվածներից չորսը նորեկներ են` Արսեն Բեգլարյան, Արտյոմ Խաչատուրով, Նորայր Ասլանյան եւ Միխաիլ Մարկոսով: Գլխավոր մարզիչը այս հավաքին չի կանչել Դավիթ Մանոյանին, Մասիս Ոսկանյանին, Լեւոն Հայրապետյանին եւ Յուրա Մովսիսյանը: Առաջին երեքը վնասվածքներ ունեն, իսկ վերջինս դեռեւս գտնվում է վերականգնման փուլում: