Մտորումներ-2. Ր. Հովհաննիսյանի կայքը բացելուց հետո
Հայտնի է, որ նախընտրական կայք է բացել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Սակայն այսօր կայքը չէր բացում:
Նախագահի մյուս թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կայքի՝ raffi4president.am-ի, գլխավոր էջը համեստ տեղեկություններ է պարունակում կայքի տարողության մասին:
Քարոզչական տեսանյութը տեղեկացնում է, թե ինչպիսին է մեր Հայրենիքը՝ անաշխատ, անգործ եւ աղքատ:
Անմիջապես հետո հռչակվում է՝ վերադարձի ժամը եկել է: Ակնարկվում է, որ ինքն էլ է վերադարձել Հայաստան: Կենսագրությունը հարուստ չէ, մասնավորապես թաքցված է թեկնածուի ամուսնացած լինելու փաստը:
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, հայտնի չէ՝ կին եւ երեխաներ ունի՞ թեկնածուն, թե ոչ: Մոռացության է մատնված «պատմական» հացադուլը, որի ժամանակ նրա հետ էր նաեւ կինը:
Կայքը տեղեկացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրության մի քանի ձեռքբերումների մասին՝ սխրանքի ակնարկներով՝ «վերադարձել է կամավոր հիմունքներով աշխատելու Մեծ երկրաշարժի գոտում», «պաշտպանեց մեր երկրի պետական շահերը աշխարհով մեկ, եւ Ստամբուլում առաջին անգամ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին» «ուղղորդեց Հայաստանի առաջին անկախ հետազոտական կենտրոնը»:
«Նորություններ» էջում գործնական Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նախընտրական ծրագիրն ընդհանուր առմամբ հասկանալի է, այնտեղ կան այսպիսի տողեր. «Համեստորեն, բայց ինքնավստահ, Հայաստանը կդարբնի, կշրջանակի եւ պատկան կդարձնի իր ազգային կենսական շահերն ու միջազգային հրամայականները»:
Կայքի «Տեսանյութեր» բաժնում ներկայացված է պարոն Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգության» գործունեությունը ԱԺ-ում եւ ընդհանրապես:
Տեսանյութերից մեկը՝ ամենահաճելին, պարզապես կենդանական աշխարհի մասին է, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ «Ժառանգության» կապն այդ աշխարհի հետ, առայժմ ուսումնասիրված չէ:
Հատկապես որ ներկայացված կենդանիների մեծ մասին, մասնավորապես, կոալա արջին, այս կողմերում չեն նկատել: Կայքը ամենաանճաշակը չէ: 332 հոգի արդեն հավանել է այն: Ներկայացված է հայերեն եւ անգլերեն:
Ստորագրությունը, որը թողել է թեկնածուն կայքում, մեկ բառ է՝ Րաֆֆի: