Շախմատային խճանկար
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Վեյք ան Զեեի շախմատային փառատոնում:
Ա խմբի 3-րդ տուրում մեր շախմատիստը հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի, հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիան հիմնականում անցավ տակտիկական պայքարում: 57-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին, քանի որ երրորդ անգամ կրկնեցին նույն դիրքը:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց եւ վաստակեց 1,5 միավոր: Աղյուսակը սկսեց գլխավորել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը 3 հնարավորից ունի 2,5 միավոր:
Բ խմբում ելույթ ունեցող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը 3-րդ տուրում հաղթեց Պրեդրագ Նիկոլիչին եւ վաստակեց 2 միավոր:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում գերազանց է հանդես գալիս գործող չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, որը երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ վստահ գլխավորում է աղյուսակը: Նրան հաջորդող Ավետիք Գրիգորյանը ունի 2,5 միավոր:
Կանանց առաջնությունը հաջող են սկսել Լուսինե Կարապետյանը եւ Նարինե Գասպարյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: