Քաղաքացին կփոխի՞ երկիրը (տեսանյութ)
Արդյո՞ք քաղաքացիական հասարակությունը կկարողանա բեկում մտցնել քաղաքական գործընթացներում։
«Հայաստանում ստեղծված իրավիճակը վաղուց արդեն անհնազանդության բոլոր հիմքերը տվել է»,- ասում է քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։
Նա հորդորում է անտարբեր չմնալ երկրում տիրող իրավիճակին: Դավիթ Սանասարյանը գտնում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր բողոքն արտահայտել նախագահի ընտրություններում, սակայն ոչ բոյկոտի միջոցով. «Բոյկոտը, հեռու կանգնելը քաղաքացիական հասարակության ներկայացուցչի գործը չէ»։
Մեկ այլ ակտիվիստ՝ Առաքել Սեմիրջյանի գտնում է, որ քաղաքացիական հասարակությունը երբեք էլ տարանջատված չի եղել քաղաքականից: Այսօր, երբ քաղաքական դաշտում պասիվություն է տիրում, նրա կարծիքով հասարակության առավել ակտիվ հատվածը պետք է կարողանա իր վրա վերցնել բոլոր հարվածները:
«Ավելի կակտիվանան քաղաքացիական շարժումները, ավելի ինքնուրույն ձևաչափով: Արդեն իրականում կմնան նրանք, ովքեր իրականում քաղաքացիական շարժում են»,-ասաց նա։
Հրապարակախոս, ակտիվիստ Զարուհի Հովհանիսյանի խոսքերով, Հայաստանում դեռ չի ձևավորվել քաղաքացիական հասարակություն, կան միայն որոշ խմբեր, որոնք թիրախային պայքար են տանում կոնկրետ ոլորտներում. «Դրանք ստեղծվեցին 2008թ. ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ քաղաքական դաշտում խնդիրները քաղաքական լուծումներ չեն ստանում և տեղափոխվում են բռնության դաշտ»:
Քաղաքական տեխնոլոգ և բլոգեր Տիգրան Քոչարյանը «քաղաքացիական հասարակությունը արտահայտությունը» համարում է հասարակությունը պառակտելու եւս մեկ միջոց:
Ըստ քաղտեխնոլոգի, պարտադիր չէ դուրս գալ փողոց և հեղափոխություն անել, իրավիճակը կարելի է փոխել՝ սկսելով ինքդ քեզնից:
Իսկ բնապահպան ակտիվիստ Լևոն Գալստյանը սեփական փորձից ելնելով համոզվել է, որ տանը նստելով ոչինչ դուրս չի գա: Քաղաքացիական նախաձեռնություններին արդեն հաջողվել է ինչ-որ չափով բարձրացնել ՀՀ քաղաքացու գիտակցությունը, որ նա է այս երկրի տերը և պայքարի միջոցով կարող է հասնել ժողովրդավարության:
«Երբ որ դու ինչ-որ գործողություններով՝ նույնիսկ բնապահպանական ուղղվածության ազդում ես քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, դու ազդում ես նաև քաղաքական գործընթացների վրա և քաղաքացին կարող է իր տեսակետները շատ կտրուկ փոխել քաղաքական գործընթացների ժամանակ»,- բացատրեց նա։