Մեկ տարում` մեկ ուսհավաք
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տարեվերջյան հաշվետվություններ են հանձնում տարբեր սպորտաձեւերի հանրապետական ֆեդերացիաները:
Դրանցից հայտնի է դարձել, որ Հայաստանի սինխրոն լողի հավաքականը 2012 թ ընդամենը մեկ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում: Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիան 8 ամիս շարունակ, փուլերով, հանրապետական առաջնություն է կազմակերպել, որին մասնակցել են 3 թիմ:
Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիան 2012 թ իր միջոցներով ձեռք է բերել 14 նոր առագաստանավ եւ հանդերձանք, իսկ այդ մարզաձեւով զբաղվում են մոտ 150 մարզիկներ:
Թենիսի մրցումներին հիմնականում մասնակցել են Երեւանի եւ Գյումրիի մարզիկները: Ըստ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի հանրապետությունում մարզաձեւի զարգացման միտումներ են նկատվում:
Հանդբոլի միջոցառումներն իրականացվել են հանրապետական ֆեդերացիայի եւ նախարարության աջակցությամբ, որոնք տրամադրել են համազգեստներ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաշվետվությամբ մեր հանրապետությունը մեծահասակների լավ հավաքական կունենա ... 2015 թվականին: