Աշխարհի առաջնությունը բացեց Գագիկ Ծառուկյանը
Երեւանում այսօր կայացավ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես եւ սպասվում էր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մարզադահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ մուտքն ազատ էր, բացի այդ կազմակերպիչները բացատրական լավ աշխատանք էին տարել մարզադպրոցների եւ բուհերի տնօրինությունների հետ, որոնց սաներով էին հիմնականում լցվել տրիբունանները:
Զարմանալի չէ, որ բացումից 15 րոպե առաջ ոստիկանները մարզասերներին այլեւս թույլ չէին տալիս բարձրանալ համալիր, իսկ մարզադահլիճում տեղ չգտած մարզասերները հիասթափված վերադառնում էին, այդպես էլ չճաշակելով տոնական մթմոլորտի հաճույքը:
Բուն բացման արարողությունը առանձնացավ մի քանի ուշագրավ պահերով: Մասնավորապես, Ադրբեջանի ցուցանակը տանում էր ոչ թե հայուհի, այլ աֆրիկուհի աղջիկ: Մասնակիցների երթման արարողությանը ներկայացավ միայն մարզիկների ներկայացուցիչ Ռաֆայել Սիմոնյանը, իսկ ահա մրցավարների պատվիրակն այդպես էլ չբարձրացավ բեմ:
Ինչեւէ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես բացեց 2012 թ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն 68 երկրների մոտ 405 բռնցքամարտիկներ:
Հիշեցնենք, որ մարտերը կսկսվեն նոյեմբերի 29-ին, իսկ եզրափակիչ մարտերը կկայանան դեկտեմբերի 7-ին: