Ադրբեջանցիները ժամանել են Երեւան
Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի նոյեմբերի 29-ին Երեւանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
«Ա1+»-ի մարզական լրագրողին առաջնության մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ ադրբեջանական պատվիրակությունը Երեւան է ժամանել այսօր գիշերը: Մեր հարեւան երկրի ներկայացուցիչները առանձին եւ կբնակվեն, եւ կմարզվեն, եւ կսնվեն:
Ի դեպ, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնության կազմակերպիչներին առաջարկել էր իրենց թիմի հետ բնակեցնել նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկի պատվիրակությանը, սակայն մերժում է ստացել:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում հանդես գալու հայտ են ներկայացրել 68 երկրներ: Մասնակիցների վերջնական կազմը հայտնի կդառնա այսօր "Անի" հյուրանոցում կայանալիք բռնցքամարտիկների կշռումից հետո: Ովքեր չեն անցնի կամ կուշանան այդ արարողությունից, կզրկվեն մասնակցելու իրավունքից: