Ընդամենը մեկ տարբերակ
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ընդամենը մեկ տարբերակ ունի 2012-13 թթ մրցաշարի փլեյ օֆֆ մտնելու համար:
Երեկ իտալական «Յուվենթուսից» կրած խոշոր պարտությունից (0:3) հետո լոնդոնցիները 2-րդ տեղը զիջեցին հենց թուրինցիներին:
Նույն դիրքը վերադարձնելու համար «Չելսին» վերջին 6-րդ տուրում պետք է հաղթի Դանիայի չեմպիոն «Նորդշելանին», իսկ «Յուվենթուսը» անպայման պարտվի Դոնեցկի «Շախտյորին»: Մնացած դեպքերում անգլիացիները կմնան 3-րդ հորիզոնականում եւ չեմպիոնների լիգայից կտեղափոխվեն ավելի ցածր վարկանիշ ունեցող Եվրոպայի լիգա:
Այդպիսով, չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու համար «Չելսին» պետք է հույս դնի «Շախտյորի» ազնվության վրա, քանի որ ուկրաինական ակումբը արդեն մտել է փլեյ օֆֆ եւ կարող է լրջորեն չտրամադրվի «Յուվենթուսի» հետ մրցամարտին:
Ի դեպ, լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը չկարողացավ «մարսել» թուրինյան պարտությունը եւ այսօր պաշտոնանկ արեց թիմի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոին: