«Բանանցը» կտրուկ քայլերի կդիմի
«Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը պատասխանելով թիմի երկրպագուների հղած նամակին, որում վերջինները պահանջել էին պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին, ֆուտբոլասերներին խորհուրդ է տվել զինվել համբերությամբ:
«Մրցաշրջանի մեկնարկից առաջ, երբ որոշում կայացրինք, որ թիմը պետք է հանդես գա բացառապես իր կադրերով, գիտակցում էինք, որ շատ դժվար է լինելու: Բայց անկեղծ ասած անձամբ չէի պատկերացնում, որ նման ծանր իրավիճակում ենք հայտնվելու:
Ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորը` ես, գլխավոր մարզիչը եւ այսպես կոչված «փորձառու» վայ ֆուտբոլիստները, ովքեր պետք է իրենց հետևից տանեին դեռևս անփորձ ու երիտասարդ խաղացողներին: Ձմեռային ընդմիջման ժամանակ ակումբի ղեկավարությունը ստիպված կլինի դիմել կտրուկ քայլերի, ինչը հնարավոր չէ իրականացնել ներկա պահին: Ձեզ բոլորիդ ցանկանում են առողջություն և համբերություն» - «Բանանցի» երկրպագուներին պատասխանել է ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներից է:
Թե ինչ կտրուկ քայլերի կդիմի «Բանանցի» ղեկավարությունը, դժվար է կռահել, քանի որ շատ են մեղավորները, սակայն միանշանակ պարզ է, որ առանց դրա այլեւս հնարավոր չէ հաղթահարել թիմում ստեղծված ճգնաժամը: