Թվեր եւ փաստեր 3-րդ տուրից առաջ
Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի առաջին ութ հանդիպումները:
Հայ ֆուտբոլասերներին առաջին հերթին հետաքրքրում է Դոնեցկի «Շախտյորի» եւ Լոնդոնի «Չելսիի» հակամարտությունը, քանի որ Ուկրաինայի չեմպիոնի կազմում հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Շախտյորը» 5-րդ անգամ կմրցի անգլիական ակումբի հետո: Սեփական դաշտում անցկացրած նախորդ 4 խաղերում «հանքափոր» ֆուտբոլիստները տարել են 3 հաղթանակ, իսկ մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները այս զույգի ֆավորիտ են համարում հենց «Շախտյորին»:
Հայաստանի հավաքականի մյուս կիսապաշտպան Զավեն Բադոյանի թիմը` Բորիսովի ԲԱՏԷ-ն, Մինսկում կհյուրընկալի իսպանական «Վալենսիային»: Բելոռուսական ակումբը դեռեւս պարտություն չի կրել այս խաղարկությունում, իսկ խմբային փուլում երկու հաղթանակ է տարել: «Վալենսիան», հակառակը, անհաջող է հանդես գալիս հյուրընկալվելիս. իսպանացիները մրցակցի հարկի տակ հաջողության չեն հասել վերջին 7 խաղերում:
«Նորդշելան» - «Յուվենթուս» խաղում Դանիայի չեմպիոնը կձգտի խփել առաջին գոլը եւ վաստակել առաջին միավորը լիգայի խմբային մրցաշարում, իսկ իտալացիները կփորձեն ընդհատել 8 ոչ-ոքիներից բաղկացած եվրոշարքը:
Ֆրանսիական «Լիլը» «Բավարիայի» հետ խաղում կաշխատի առաջին անգամ կոտրել գերմանական թիմի դիմադրությունը: Մյունխենցի ֆուտբոլիստները Ֆրանսիայում խնդիրներ չեն ունեցել վերջին 4 մրցամարտերում` տանելով 4 հաղթանակ:
«Սպարտակ» - «Բենֆիկա» խաղում մոսկովյան ակումբը խնդիր է դրել վերջակետ դնել սեփական դաշտում շարունակվող անհաջող ելույթներին: Սպարտակցիները Մոսկվայում անցկացրած 15 հանդիպումներում միայն մեկ անգամ են ուրախացրել իրենց երկրպագուներին, իսկ 9 դեպքում հիասթափեցրել են նրանց: Պորտուգալական ակումբը, հակառակը, ոչ մի անգամ պարտություն չի կրել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:
«Բարսելոնան» 9-րդ անգամ կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ: Սեփական դաշտում կատալոնցիները երկու անգամ հաղթել են (3:1, 1:0), իսկ երկուսում ոչ-ոքի են խաղացել (0:0, 1:1):
Թուրքական «Գալաթասարայը» չեմպիոնների լիգայում վերջին անգամ իր հարկի տակ հաղթանակ է տարել 6 տարի առաջ, իսկ նրա մրցակից ռումինական «Կլուժը» այս մրցաշարում անցկացրած 6 խաղերում պարտվել է միայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: