Հայաստանի հավաքականը` բրոնզե մեդալակիր
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը 3-րդ տեղը գրավեց Իրանում անցկացվող «Ազադի համալսարանի գավաթի» խաղարկությունում: Այդ մասին տեղեկացնում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Թիմային մրցաշարն անցկացվեց քաշային 5 կարգում: Առաջին երկու հանդիպումներում Հայաստանի ընտրանին հաղթեց Ազադի համալսարանի թիմին (3:2), ապա Իրանի երիտասարդական հավաքականին (4:1):
Կիսաեզրափակիչում մերոնք 2:3 հաշվով զիջեցին Իրանի ընտրանուն: Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Իրաքի հավաքականին եւ արժանացավ բրոնզե մեդալների:
Անհատական մրցումներին մասնակցեցին Հայաստանի 6 ձյուդոյիստ: Իրենց քաշային կարգերում հաղթող ճանաչվեցին Արթուր Երանոսյանը (66 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ), իսկ մինչեւ 73 կգ քաշայինների մրցավեճում Սուրեն Գառնիկյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Նշենք, որ ձյուդոյի «Ազադի համալսարանի գավաթի» այս տարվա խաղարկությանը մասնակցեցին Իրանի, Հայաստանի, Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի, Պակիստանի եւ Թուրքմենստանի հավաքականները: