Պրանդելին հույսեր է կապում Պիռլոյի հետ
«Անդրեա Պիռլոն այն ֆուտբոլիստներից է, որը ինքնուրույն պետք է որոշի, թե ինչ ծրագրեր ունի առաջիկայում: Ես վերջերս զրուցել եմ նրա հետ եւ ասել եմ, որ մեծ հույսեր եմ կապում նրա հետ աշախարհի առաջնության ընտրական փուլում» - այսօր հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
Բանն այն է, որ իտալական լրատվամիջոցները վերջին ժամանակներին մշտապես քննարկում են Անդրեա Պիռլոյին հավաքական հրավիրել-չհրավիրելու հարցը: Դրանք դժգոհ են փորձառու կիսապաշտպանի խաղից ու մարզավիճակից, ուստի կարծում են, որ ժամանակն է փոխարինող գտնել նրա տեղը:
Չեզարե Պրանդելին Հայաստանի եւ Դանիայի հավաքականների հետ պատրաստվող ֆուտբոլիստների կազմը հրապարակելու է առաջիկա կիրակի: Ըստ Gazzetta Dello Sport թերթի տվյալների անվանի մարզիչը կրկին հրաժարվել է Անտոնիո Կասանոյի եւ Մարիո Բալոտելիի ծառայություններից:
Առաջինը չնայած լավ մարզավիճակում է գտնվում, սակայն թիմից դուրս է մնացել Եվրո-2012-ում կենսակարգը խախտելու համար: Մարիո Բալոտելին գլխավոր մարզչին զայրացրել է այն բանի համար, որ աչքի վիրահատությունը արել է ոչ թե ամռանը, այլ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, ինչի պատճառով նա ներկայումս խաղային փորձի պակաս ունի:
Թերթը միաժամանակ նշում է, որ հավաքական կհրավիրվի ֆրանսիական ՊՍԺ-ում հանդես եկող 19-ամյա կիսապաշտպան Մարկո Վերատին, սակայն ոչ թե Պիռլոյին փոխարինելու, այլ նրա կողքին խաղալու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Իտալիայի հավաքականը Երեւանում խաղալու է Հայաստանի ընտրանու հետ: