Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլի: Այդ մասին տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը:
«Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիրվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում», եւ Հայաստանի հավաքականում, ինչպես նաեւ մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով եւ արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս» - նշել է վետերան ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 1992-2012 թթ եւ անցկացրած խաղերի քանակով (131) հանդիսանում է թիմի ռեկորդակիր: Նա 10 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 4 անգամ նվաճել գավաթը: Սարգիս Հովսեփյանը երեք անգամ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն ֆուտբոլիստ, այդ թվում ՀՀ անդրանիկ առաջնությունում (1992 թ):
Նա վաղը մեկ շաբաթով մեկնում է հանգստի արտերկիր։