Ավտոբուս կա, վարորդ չկա
Էրեբունի օդանավակայանի տարածքում ապրողները թող այլեւս չսպասեն թիվ 43 համարի երթուղային տաքսուն: Այս երթուղու վերջնականգառը այսուհետ կլինի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանը:
Այսօր առավոտյան աշխատանքի եւ դասի սպասող բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել էին մոլորության մեջ` տրանսպորտ չկա:
«Թող գոնե զգուշացնեին, որ այսուհետ տրանսպորտ չի լինելու, մենք էլ իմանայինք ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից»,- բարկացած ասաց ուսանողուհի Նարինե Գալոյանը:
Երեւանի Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն «Ա1+»-ին հայտնեց, որ այս տարածքում այսուհետ աշխատելու է 14 համարի ավտոբուսը, որը Էրեբունի օդանավակայանի մոտից հասնելու է մինչեւ Զեյթուն:
Սակայն հիմա վարորդների պակաս կա:
Հենրիկ Նավասարդյանն ուղեւորներին խորհուրդ տվեց մի քանի օր համբերել եւ ամեն ինչ կընկնի հունի մեջ: