Հաջորդ մրցամարտը` դեկտեմբերի 15-ին
Գերմանիայում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր հաջորդ մարտը կանցկացնի այս տարվա դեկտեմբերի 15-ին:
«Վաղ է խոսել այդ մրցամարտի մասին, քանի որ դեռեւս հայտնի չէ ոչ մրցակիցը, ոչ էլ մրցավայրը», - հայտարարել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնը:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Speed-Magazin կայքէջը, անվանի բռնցքամարտիկը անցած կիրակի մասնակցել է Նյուրընբերգում անցկացվող ավտոռալիին: Արթուր Աբրահամը եղել է Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդ Հայնց Հարալդ Ֆրենցենի օգնականը:
«Երբ տեսնում եմ, թե ինչպես են ավտոարշավորդները արագ վարում, մեծ ոգեւորություն եմ ապրում: Այնպես որ, ես արագընթաց ավտոմեքենաների մեծ սիրահար եմ» - այդպես է իր մասնակցությունը բացատրել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:
Մինչ այդ Արթուր Աբրահամը գոլֆի բարեգործական մրցաշար է կազմակերպել, որից ստացված հասույթը տրամադրելու է Գերմանիայի եւ Հայաստանի կարիքավոր երեխաների օգնության հիմնադրամին: Վերջինիս մասնակցել են 70 մարզիկներ, դերասաններ, գործարարներ: