Կխրախուսվեն միայն պիցայով
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այսօրվա մրցակից Բուլղարիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը իր սաներին խրախուսելու եւ պատժելու հետաքրքիր ձեւաչափ է գտել:
Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, փորձառու մասնագետը նոր ավանդույթ է մտցրել թիմում, ըստ որի յուրաքանչյուր հաղթանակից հետո ֆուտբոլիստներին հենց հանդերձարանում հյուրասիրում են պիցայով:
Իտալիայի հավաքականի խաղից հետո Լյուբոսլավ Պենեւը ֆուտբոլիստներին ասել է, որ նրանք չեն կատարել իրենց առջեւ դրած խնդիրը, ուստի զրկվում են պիցայից: Սակայն Բուլղարիայի ՖՖ-ի ղեկավարությունը 40.000 եվրոյով պարգեւատրել է ֆուտբոլիստներին, չնայած ըստ պայմանավորվածության այդ գումարը նրանք պետք է ստանային միայն հաղթանակի դեպքում:
Հայաստանի հավաքականի հետ խաղում Բուլղարիայի ընտրանին կարող է խրախուսվել միայն պիցայով, քանի որ ԲՖՖ-ն դրամական պերգեւ չի նախատեսել այդ խաղի համար:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 11-ին աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի Բուլղարիայի թիմի հետ:
Բուքմեյքերների կարծիքով այսօրվա խաղի ֆավորիտ է համարում Բուլղարիայի հավաքականը, որի հաղթանակը հավասար է 1,75 գործակից` Հայաստանի 5,5-ի դիմաց: Ոչ- ոքի արդյունքը գնահատում են 3,2 գործակիցով:
Հիշեցնենք, որ Սոֆիայում նախատեսված աշխարհի առաջնության ընտրական Բուլղարիա - Հայաստան հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին։