Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական պատվիրակությունը կգլխավորի Սարգսյանը

Սպորտ
2219b3f4735b44299fae6b12bae89250

Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկող ամառային օլիմպիական խաղերին մեր մարզիկներին աջակցելու համար Հայաստանից Անգլիայի մայրաքաղաք կմեկնեն մոտ 50 երկրպագուներ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր կազմակերպած մամուլի ասուլիսին հայտարարեց սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով միաժամանակ հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը:

«Անգլիայում բնակվող հայերից 150-ը պատրաստվում են ներկա լինել մեր մարզիկների ելույթներին: Միաժամանակ հայազգի մարզասերներ են սպասվում նաեւ եվրոպական երկրներից, այնպես որ Լոնդոնում մենք աջակցության հետ կապված խնդիրներ չենք ունենա»:

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ մեր օլիմպիական թիմը ոչ մի խնդիր չի ունեցել` կապված մարզիկների աշխատավարձերի վճարման, ուսհավաքների անցկացման, միջազգային մրցումներին մասնակցելու հետ: Ավելին, այս անգամ մեր մարզիկների հետ աշխատելու են նաեւ հոգեբաններ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը օլիմպիադայի մեկնարկից առաջ ցավում է միայն մեկ բանի համար, որ այդ խաղերին չի մասնակցում Հայաստանի 2011 թ լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:

Իսկ քանի՞ մեդալ է ակնկալում մեր 25 մասնակիցներից Հրաչյա Ռոստոմյանը:

«Սպորտում գուշակություններ անելն անշնորհակալ գործ է: Միայն ութոտնուկներն են կարողանում որոշել ապագա հաղթողներին: Լոնդոնում մենք կձգտենք գերազանցել 4 տարի առաջ Պեկինում կայացած օլիմպիական խաղերի արդյունքները»:

Հիշեցնենք, որ 2008 թ խաղերին մեր մարզիկները վաստակել են 6 բրոնզե մեդալ:

Վերջում հավելենք, որ 30-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատվիրակության կազմում են նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ-ի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը, փոխնախարարներ Դերենիկ Գաբրիելյանը, Հոկսեն Միրզոյանը, Արմեն Շահազիզյանը, Հայաստանի ծանրամարտի, աթլետիկայի եւ ձյուդոյի ֆեդերացիաների նախագահնները` համապատասխանաբար Սամվել Խաչատրյանը, Ռոբերտ Էմիյանը եւ Վարդան Ոսկանյանը: