Ուելսցի Գիգզը եւ գաբոնցի Դինդան
2012 թվականի օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը գաբոնցի խաղացող Մուլեր Դինդան է, որը այս տարվա սեպտեմբերին կդառնա 17 տարեկան: Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ն, որը հանդիսանում է այդ մրցաշարի կազմակերպիչը:
Իսկ ահա ամենատարեց մասնակիցը կլինի Մեծ Բրիտանիայի հավաքականի եւ «Մանչեսթըր Յունայթեդի» ուելսցի հարձակվող Ռայան Գիգզը, որը 21 տարով մեծ է Մուլեր Դինդայից:
Մրցաշարի ամենափորձառու ֆուտբոլիստը հանդիսանում է բրազիլացի Մարսելոն, որը 2008 թ օլիմպիական խաղերում անցկացրել է 6 հանդիպում եւ թիմի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր:
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ն, Լոնդոնում ֆուտբոլային ակումբներից բոլորից շատ ներկայացուցիչ կունենա ԲԱՏԷ-ն, որի 6 ֆուտբոլիստներ հրավիրվել են Բելառուսի օլիմպիական հավաքական:
Նշենք, որ օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն 1989 թ հունվարի 1-ից հետո ծնված ֆուտբոլիստները, ինչպես նաեւ երեքական տարեց խաղացողներ յուրաքանչյուր հավաքականում:
Ֆուտբոլի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 26-ին, իսկ կավարտվի օգոստոսի 12-ին: