Ֆավորիտը Գերմանիան է
Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը, որում ուժերը կչափեն Գերմանիայի եւ Իտալիայի ազգային թիմերը:
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության ֆեդերացիայի տվյալներով Իտալիան անհարմար մրցակից է Գերմանիայի համար: Մասնավորապես, երկու երկրների հավաքականները 1923 թվականից սկսած անցկացրել են 30 խաղ, որից 14-ում հաղթել են իտալացիները, իսկ գերմանացիները` 7-ում:
Պաշտոնական մրցաշարերում կողմերը 7 անգամ են հանդիպել, եւ Գերմանիան առայժմ չի կարողացել հաղթել Իտալիային: Բունդեսթիմը վերջին անգամ «կապույտ» թիմին ծնկի է բերել 1995 թ. կայացած ընկերական խաղում` 2:0:
Գերմանիայի հավաքականը տպավորիչ արդյունք է ցույց տալիս Եվրո-2012-ի ընտրական եւ եզրափակիչ փուլերում: Յոահիմ Լյովի սաները անցկացրած բոլոր 14 խաղերում հաղթանակ են տարել:
Իտալիայի ընտրանին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի օրոք նույնպես պարտություն չի կրել պաշտոնական խաղերում` 9 հաղթանակ, 5` ոչ-ոքի:
Բուքմեյքերներն այսօր ավելի շատ հավատում են Գերմանիայի հավաքականի հաղթանակին, սակայն նրանք ոչ միշտ են ճիշտ գուշակություններ կատարում: Եվ Գերմանիայի, եւ Իտալիայի գլխավոր մարզիչները հավասար են գնահատում թիմերի հնարավորությունները, այսինքն՝ տրամաբանական են համարում ոչ-ոքի արդյունքը: