Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոնդոն-2012-ը եւ մեր երեխաները

Սպորտ
455165ccdb010f3badbf8e0cbaf58784

Հայաստանի 30 դպրոցականներ այսօր «գանձեր» որոնեցին «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն այսօր անցկացրեց «Գանձերի որոնում» սպորտային միջոցառում: Այն նվիրված էր օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերին:

ԲԽ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը այդ առիթով «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց. «Հուլիսի 27-ին Լոնդոնում կտրվի օլիմպիական խաղերի մեկնարկը եւ սա հրաշալի հնարավորություն է աշակերտների համար խաղերի միջոցով հարստացնել իրենց գիտելիքները աշխարհի ամենասպասված սպորտային միջոցառման մասին»:

Այս տարվա «Գանձերի որոնմանը» մասնակցեցին Երեւանի «Անանիա Շիրակացու» անվան ճեմարանի, թիվ 89 դպրոցի, «Էդուկ» երիտասարդական կրթական ստուդիայի, Գյումրիի թիվ 18 դպրոցի եւ Նոյեմբերյանի Զորականի միջ. դպրոցի 6-ական աշակերտները: Նրանք ՕԽ-երին նվիրված հարցերի եւ սպորտային տարբեր առաջադրանքների օգնությամբ պետք է գտնեին նախ կողմնորոշող տառերը, ապա` թաքնված բառը:

Առաջին տեղը զբաղեցրեցին «Էդուկ» երիտասարդական կրթական ստուդիայի սաները: Նրանք իրավունք ստացան անվճար մասնակցելու միջազգային ճանաչում ունեցող Young Learners անգլերեն լեզվի քննությանը:

Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարեթ Ուին-Օուենը: