Հայկական ֆուտբոլի երկրորդ խաղաշրջանն ավարտվեց
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում ավարտվեց 2-րդ խաղաշրջանը:
14 տուրից հետո աղյուսակը վստահ գլխավորում է Երեւանի «Միկան», որը իր ակտիվում ունի 35 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակը» առաջատարին զիջում է 6 միավորով:
Այնուհետեւ հաջորդում են Դիլիջանի «Իմպուլսը»` 23, «Գանձասարը»`20, «Փյունիկը»`18 միավորներով , (վերջին երկուսը մեկ խաղ քիչ են անցկացրել), որոնք կրնկակոխ հետապնդում են առաջատարներին: Նրանց կարող են միանալ նաեւ «Ուլիսը» 16 միավորով եւ «Բանանցը» 12-ով, իհարկե, եթե նորանոր անտեղի միավորներ չկորցնեն:
Իսկ ահա Երեւանի «Արարատի» համար առաջնությունը, կարելի է ասել, ավարտվել է: Արարատցիները երեկ 0:6 հաշվով խայտառակ պարտություն կրեցին «Փյունիկից», ինչը վկայում է այն մասին, որ թիմը գտնվում է խաղային եւ հոգեբանական խորը ճգնաժամի մեջ, եւ դժվար թե կարողանա հաղթահարել դրանք, չնայած առաջնությունը շատ երկարատեւ է եւ ավատվելու է 2013 թ մայիսին:
Նշենք, որ երրորդ խաղաշրջանը կսկսի առաջիկա շաբաթ օրը, հունիսի 30-ին, սակայն հետո կհայտարարվի մոտ մեկ ամիս ընդմիջում, քանի որ մեր 4 ակումբները այդ ժամանակ պետք է մասնակցեն եվրոգավաթների խաղարկություններին:
Ի դեպ, այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի կունենա այդ մրցաշարերի վճակահանությունը եւ հայտնի կդառնան մեր թիմերի մրցակիցները: