Առաջատարը կմեկնի Կապան
Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 14-րդ տուրը:
«Գանձասարը» Կապանում կընդունի «Միկային»: Դաշտի տերերը 12 խաղից հետո վաստակել են 20 միավոր եւ զբաղեցնում են 4-րդ տեղը: «Միկան» 32 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Առաջին շրջանում «Գանձասարը» հաղթել է 2:0 հաշվով, որը միկացիների միակ պարտությունն է առաջնությունում: Բուքմեյքերները, բնականաբար, նախապատվությունը տալիս են «Միկային»` 2,20 գործակից հաղթանակի համար` «Գանձասարի» 2,80-ի դիմաց:
Երրորդ տեղում գտնվող Դիլիջանի «Իմպուլսը» կհյուրընկալի երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է շիրակցիների վստահ հաղթանակով` 3:1:
Բուքմեյքերները զույգի ֆավորիտ են համարում դաշտի տերերին: Նրանց հաղթելու հնարավորությունը հավասար է 2,10 գործակից, իսկ հյուրերինը` 3,10:
Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան վաղը` հունիսի 24-ին: «Փյունիկը» կընդունի «Արարատին», իսկ «Բանանցը»` «Ուլիսին»: Այս թիմերը ներկայումս տեղ են զբաղեցնում աղյուսակի ստորին մասում` 5-8-րդ հորիզոնականներում: