Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը ֆուտբոլային երկիր չէ

Սպորտ
2c463f6036cbded3e6a92bd2b9dc0d2c

Ֆուտբոլի ճանաչված մեկնաբան Գեորգի Չերդանցեւը, որը երեկ Երեւանում մասնակցեց Էդուարդ Մարգարովի 70-ամյակին նվիրված Հայաստան - Ռուսաստան վետերանների հանդիպմանը, «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը դեռեւս կայացած ֆուտբոլային երկիր չէ:

«Մոսկվայում 15 մլն մարդ է ապրում, սակայն Ռուսաստան - Ուրուգվայ ընկերական խաղին անգամ 30 հազար մարդ չկարողացանք ապահովել մարզադաշտում: Չմոռանանք, որ Ուրուգվայը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է համարվում: Դա վկայում է այն մասին, որ երկրում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը այնքան էլ մեծ չէ եւ պետք չէ ինքներս մեզ խաբենք: Ֆուտբոլասերները ազգային հավաքականին ոչ ճանապարհեցին Եվրո-2012, ոչ էլ` դիմավորեցին: Մենք անընդհատ մեղավորներ ենք փնտրում, վիրավորում ենք իրար, կարծես թե մեկս մյուսին պարտք ենք: Ինձ անհասկանալի են նման մոտեցումները»,- ասաց նա։

Մեկնաբանը, որը լուսաբանել է տարբեր մրցաշարերի խաղերը, հիացած է Ավանի ֆուտբոլի ակադեմիայի պայմաններով.
«Ես եղել եմ Իտալիայի հավաքականի մարզաբազայում` Կովերչիանոյում, "Միլանին" պատկանող «Միլանելոյում», "Չելսիի" մարզաբազայում, սակայն իմ տեսած բոլոր բազաների մեջ Երեւանի ֆուտբոլի ակադեմիան լավագույնն է: Հարցը չի վերաբերում հյուրանոցային համարներին եւ մյուս կառույցներին: Ինձ զարմացրեց բոլոր խաղադաշտերի խոտածածկի բարձր որակը, ինչը դժվար է հանդիպել անգամ եվրոպական շատ երկրներում»:
Գեորգի Չերդանցեւը, որը հիմնականում մեկնաբանում է Իտալիայի առաջնության խաղերը, ցանկանում է, որ Եվրո-2012-ում հաղթի հենց այդ երկրի հավաքականը: Եթե նրա երազանքը կատարվի, ապա այս տարվա հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կհյուրընկալի աշխարհամասի նոր չեմպիոններին: