Այսօր կմեկնարկի Կարեն Ասրյանի հուշամրցաշարը
Այսօր Ջերմուկում կմեկնարկի շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի թվով 5-րդ հուշամրցաշարը: Հիշեցնենք, որ տաղանդաշատ շախմատիստը հանկարծամահ է եղել 2008 թ հունիսի 10-ին, 28 տարեկան հասակում:
Հուշամրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Այս տարի մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 6 երկրների (Հայաստան, Ռուսատան, Իրան, Վրաստան, Բելառուս, Իսպանիա) 57 շախմատիստ, այդ թվում 17 գրոսմայստեր (13 տղամարդ, 4 կին):
Այսօր տեղի կունենա բացման արարողությունը եւ վիճակահանությունը: 1-ին տուրը կկայանա հունիսի 16-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա հունիսի 24-ին:
Հուշամրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 18.500 դոլար: Հաղթողը կստանա 4 հազար դոլար, 2-րդ մրցանակակիրը՝ 3000, 3-րդը՝ 2500: Դրամական հատուկ մրցանակներ են սահմանված նաեւ լավագույն կին, պատանի եւ վետերան շախմատիստների համար: