Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Սպորտ
58365ae8fe5600b049ba9f5a3910369c

Այսօր Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի 14-րդ առաջնությունը:

Մոտ մեկ ամիս աշխարհամասի 16 ուժեղագույն հավաքականները պայքար կմղեն արծաթե գավաթի համար: Մինչ այսօր այդ մրցանակին տիրել են ԽՍՀՄ-ի, Իսպանիայի (2 անգամ), Իտալիայի, Գերմանիայի (նախկին` ԳՖՀ, 3), Չեխոսլովակիային, Ֆրանսիայի (2), Հոլանդիայի, Դանիայի, Հունաստանի հավաքականները:

Հարկ է նշել, որ այս տարվա առաջնությանը մասնակցում են վերը նշված բոլոր թիմերը (ԽՍՀՄ-ի իրավահաջորդը Ռուսաստանի ընտրանին է, իսկ Չեխոսլովակիայինը` Չեխիան):

Առաջնության բացումը վստահվել է Լեհաստանի եւ Հունաստանի հավաքականներին: Մասնագետների կարծիքով հանդիպման ֆավորիտը լեհերն են, որոնք հույների հետ անցկացրած վերջին 5 խաղերում պարտություն չեն կրել, իսկ 4-ում գոլ բաց չեն թողել: Ավելին, Լեհաստանի ընտրանին նախկինում 8 անգամ հյուրընկալել է Հունաստանի թիմին եւ, բոլորում էլ հաղթանակ է տարել:

«Այսպիսի մրցաշարում բոլոր հանդիպումներն էլ սկզբունքային նշանակություն ունեն: Առաջին խաղը միշտ էլ անդրադառնում է թիմերի հետագա ելույթների վրա, ուստի մենք սայթաքելու իրավունք չունենք» - խաղից առաջ հայտարարել է Հունաստանի հավաքականի ավագ, Եվրոպայի 2004 թ չեմպիոն Գեորգիոս Կարագունիսը:

Լեհաստանի ազգային թիմի ավագ Յակուբ Բլաշիկովսկին իր խաղընկերներին կոչ է արել խաղալ նվիրումով եւ ամբողջ ուժով. «Գիտենք, որ դժվար խաղ է սպասում մեզ, սակայն մենք պատրաստ ենք դրան: Մեկնարկային հանդիպումը, անկասկած, անչափ կարեւոր է երկու թիմերի համար: Մենք կաշխատենք արդարացնել 60 հազար հանդիսականների սպասելիքները»:

Նշենք, որ Լեհաստան - Հունաստան հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով 20:00-ին: