Վարդան Մինասյանը կոչ է անում շատ աշխատել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ թիմն էլ ավելի շատ պետք է աշխատանք տանի, որպեսզի հաջողությամբ հանդես գա աշխարհի 2014 թ առաջնության ընտրական մրցաշարում։
«Այն, ինչ-որ մենք արեցինք եւ հասանք Եվրո-2012-ի ընտրական փուլում, բավական չի լինի նոր ընտրարշավի համար։ Պետք է կրկնապատկենք եւ եռապատկենք մեր կատարվելիք աշխատանքները։ Դա վերաբերում է ինչպես մարզիչներին, այնպես էլ ֆուտբոլիստներին»։
Այսօր կազմակերպած մամուլի ասուլիսին Վարդան Մինասյանը գնահատելով Հունաստանի հավաքականից կրած պարտությունը, ասաց, որ թիմի մոտ չստացվեց գնդակով խաղը, հարձակումը եւ բուն խաղի կառուցումը։
«Առաջին խաղակեսում նոր տակտիկայով խաղացինք, որի պատճառով տղաների մոտ շատ բաներ չստացվեց։ Երկրորդում անցանք մեզ ծանոթ տակտիկային եւ պահեր ունեցանք, բայց չկարողացանք իրացնել դրանք»։
«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, արդյոք տակտիկական նպատակով Հունաստանի հետ խաղի վերջում փոփոխություն կատարեց կազմում, Վարդան Մինասյանը ասաց. «Ոչ։ Դա ավելի շատ կապված էր հաշվի հետ։ Փոխարինումը, իրոք, մի փոքր ուշացրինք: Ղազախստանի հետ խաղում Սարկիսովին խաղալու ավելի շատ ժամանակ կտանք»։
Խոսելով նոր տակտիկայի մասին, գլխավոր մարզիչը նշեց, որ դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես պետք է ավելացնել տակտիկական ճկունությունը, քանի որ աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր մրցակիցները տարբեր խաղաոճ են դավանում։