Արդյոք գործը կհասնի «արմագեդոնին»
Այսօր հայտնի կդառնա շախմատի աշխարհի հերթական չեմպիոնը:
Շախմատի թագի համար Մոսկվայում շարունակում են պայքարել գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ չեմպիոնի կոչման հավակնորդ Բորիս Գելֆանդը:
Դասական շախմատի 12 պարտիաներից հետո հաշիվը հավասար է 6:6: Նախկինում ոչ-ոքիի ժամանակ չեմպիոնը ինքնաբերաբար պահպանում էր իր տիտղոսը, սակայն ներկայումս հաղթողը որոշվում է թայ-բրեյքի օգնությամբ:
Շախմատիստները նախ կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: Եթե կրկին ոչ-ոքի գրանցվի, ապա կողմերը արդեն կպայքարեն կայծակնային շախմատում: Նրանք երկուական պարտիաներ կանցկացնեն այնքան ժամանակ, մինչեւ որ մեկը առավելություն կստանա: Եթե 10 պարտիայից հետո հաղթողը չորոշվի, ապա ուժի մեջ կմտնի «արմագեդոնը», որը առավելություն է տալիս սեւերով խաղացող շախմատիստին (ոչ-ոքիի դեպքում հենց սեւերն են հռչակվելու աշխարհի չեմպիոն):
Թե ինչպես կավարտի շախմատային այդ մարաթոնը, պարզ կդառնա այսօր երեկոյան: Մասնագետների կարծիքով կողմերի շանսերը հավասար են: