Էդվարդ Մաթոսյանը՝ Բելառուսի բրոնզե մեդալակիր
Վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի ղեկավարությամբ հեծանվային սպորտի հանրապետական դպրոցի սաներ Էդվարդ Մաթոսյանը եւ Վարշամ Դարբինյանը մասնակցեցին Բելառուսի երտասարդական բաց առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Էդվարդ Մաթոսյանը բրոնզե մեդալ նվաճեց բազմամարտում (օմնիում): Նա 3-րդ տեղն է զբաղեցրել նաեւ 5 միջանկյալ վերջնագծով 25 կմ եւ մեկ վերջնագծով 15 կմ խմբային մրցավազքում: Այս հաջողություններից հետո շնորհալի հեծանվորդը լրացրեց ՀՀ սպորտի վարպետի նորման:
Մեր երկրի երկրորդ պատվիրակ Վարշամ Դարբինյանը խմբային օլիմպիական մրցավազքում եզրափակեց լավագույն վեցյակը:
Էդվարդ Մաթոսյանը եւ Վարշամ Դարբինյանը այժմ պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվելու է Պորտուգալիայի Անադիա քաղաքում, հուլիսի 1-6-ը: