Այսօր, 22:45-ին՝ «Բավարիա» - «Չելսի»
Այսօր տեղի կունենա Եվրոպայի ակումբային ֆուտբոլի գլխավոր հանդիպումը՝ չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում պատվավոր մրցանակի համար պայքար կմղեն տեղի «Բավարիան» եւ Լոնդոնի «Չելսին»: Եզրափակիչ հասնելու համար թիմերը անցկացրել են 12-ական հանդիպում: Գերմանացիները հաղթել են դրանցից 8-ում, պարտվել 3-ում, իսկ անգլիացիները՝ 7-ում եւ 2-ում: Խփած եւ բաց թողած գոլերը համարյա հավասար են. «Բավարիա»՝ 25-10, «Չելսի»՝ 24-11:
Թիմերը արդեն մեկ անգամ հանդիպել են եվրագավաթների շրջանակում: 2004-05 թթ չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Չելսին» երկու խաղերի արդյունքներով պայքարից դուրս է բերել «Բավարիային»՝ 4:2, 2:3:
Նշենք, որ գերմանական ակումբի համար սա կլինի 9-րդ, իսկ անգլիականի համար՝ 2-րդ չեմպիոնական եզրափակիչը: «Բավարիան» չորս անգամ տիրել է գավաթին, իսկ ահա «Չելսին» ձախողել է իր միակ փորձը:
Եթե անգլիացիները հաղթեն, ապա չեմպիոնների գավաթն առաջին անգամ գրանցում կստանա Եվրոպայի խոշորագույն մայրաքաղաքներից մեկում (առ այսօր Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Մոսկվայի եւ Բեռլինի թիմերը չեն հաղթել այս մրցաշարում):
Երկու երկրների ակումբներն արդեն 5 անգամ հանդիպել են չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերում: Դրանցից չորսում հաղթել են անգլիական ակումները, այդ թվում երկու անգամ հենց «Բավարիայի» նկատմամբ:
Իսկ ահա 1975 թվականին մյունխենցիները եզրափակիչում հաղթել են անգլիական «Լիդսին», սակայն ֆրանսահայ մրցավար Կիթաբջյանի օգնությամբ, որը նախ չի հաշվել լիդսցիների խփած մաքուր գոլը, ապա «Բավարիայի» դարպասին չի նշանակել նաեւ 100 տոկոսանոց 11 մ հարվածը: Ի դեպ, այդ խաղից հետո «Լիդսի» երկրպագուները ջարդուփշուր էին արել Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտի աթոռները:
Բուքմեյքերները այսօրվա հանդիպման ֆավորիտ են համարում «Բավարիային», որի հաղթանակը գնահատում են 1,70 գործակից՝ «Չելսիի» 4,50-ի դիմաց: Նման տարբերությունը բխում է այն բանից, որ մյունխենցիները հանդես են գալու իրենց սեփական հարկի տակ, որտեղ հաղթել են իրենց բոլոր նախկին մրցակիցներին:
Հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով 22:45-ին: