Այսօր կկայանա հետաձգված 1-ին տուրը
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում այսօր տեղի կունենան հետաձգված 1-ին տուրի հանդիպումները:
Հիշեցնենք, որ դրանք պետք է անցկացվեին մարտի 24-ին, սակայն ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հետաձգել էր՝ պատճառաբանելով, որ եղանակային պայմանները անբարենպաստ են (մարտի 24-ին հանրապետությունում եղել էր պարզկա եղանակ, +12-14 աստիճան տաքություն - խմբ.):
Տուրի կենտրոնական խաղը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակը», որը 12 միավորով գտնվում է 4-րդ տեղում, կհյուրընկալի մրցաշարի առաջատար Երեւանի «Միկային»: Չորս օր առաջ կայացած հանդիպումն ավարտվել էր երեւանցիների հաղթանակով՝ 2:1: Բուքմեյքերների կարծիքով թիմերի շանսերն այս անգամ հավասար են:
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպեն անցած տարվա չեմպիոն «Ուլիսը» եւ «Փյունիկը»: Թիմերի անդրանիկ խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Մասնագետների կարծիքով այսօր ֆավորիտը «Փյունիկն» է, որը հանդես է գալու դաշտի տիրոջ կարգավիճակով:
Ի դեպ, փյունիկցիները խաղին կներկայանան նոր դարպասապահով, քանի որ ակումբի ղեկավարությունը երեկ ընդհանրապես հրաժարվել է թիմի հիմնական դարպասապահ Արսեն Պետրոսյանի ծառայությունից, որը, ինչպես հայտնի է, Եվրո-2012-ի Իռլանդիա - Հայաստան ընտրական խաղում եղել է Ռոման Բերեզովսկու փոխարինողը:
Կապանի «Գանձասարը», որը մնացել է առանց գլխավոր ղեկավարի (երկու օր առաջ հրաժարական է տվել թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը - խմբ.), իր հարկի տակ կընդունի առաջնության ետնապահներից մեկին՝ Երեւանի «Արարատին», որի նկատմամբ չորս օր առաջ արդեն հաղթանակ է տարել՝ 1:0: Մասնագետները, բնականաբար, նախապատվությունը տալիս են «Գանձասարին»:
Տուրի չորրորդ մրցավեճի՝ «Բանանց» - «Իմպուլս» խաղի ֆավորիտ են համարվում դաշտի տերերը, չնայած նրանք 4 միավոր քիչ են վաստակել, քան հյուրերը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: