Ղազախստանը հիմնական կազմով կժամանի Հայաստան
Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականը Հայաստանի ազգային ընտրանու հետ խաղից առաջ կանցկացնի եւս մեկ հանդիպում։
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է եկել Ղրղըզստանի ՖՖ-ի հետ՝ հունիսի 1-ին ընկերական խաղ կազմակերպելու համար։ Այն տեղի կունենա Ալմա Աթայում։
«Եթե ուշադիր նայենք 2014 թ աշխարհի առաջնության խաղացանկին, ապա կտեսնենք, որ մենք 4 անգամ անցկացնելու ենք երկուական խաղեր երեք օրվա ընդմիջումով։ Նման ռիթմին հարկավոր է պատրաստվել» - ասել է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բերանեկը։
Սակայն չեխ մասնագետը միաժամանակ խոստովանել է, որ Ղրղըզստանի հետ խաղին ինքը մտադիր է փորձարկել հավաքականի պահեստային խաղացողներին. «Հայաստանի ընտրանին շատ լուրջ մրցակից է, ինչը ապացուցեց Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ։ Այդ խաղին մենք կներկայանանք հիմնական կազմով» ։
Նշենք, որ Ղազախստան - Ղրղըզստան հանդիպումը կկայանա հունիսի 1-ին, Ալմա Աթայում։ Խաղի մուտքը անվճար է։ Իսկ ահա հայ ֆուտբոլասերները եթե ուզում են ներկա լինել հունիսի 5-ին նախատեսված Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպմանը, ապա նվազագույնը պետք է վճարեն 3000 դրամ (այդքան արժե հանդիպման ամենաէժան տոմսը - խմբ.)։