Բուխարեստը «հարմարվում» է իսպանացիներին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը մայիսի 9-ին կդառնա իսպանախոս:
Պատճառն այն է, որ վաղը տեղի Ազգային մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը, որում միմյանց հետ կհանդիպեն իսպանական երկու ակումբներ՝ Մադրիդի «Ատլետիկոն» եւ Բիլբաոյի «Ատլետիկը»:
Տեղի լրատվամիջոցները հանդիպմանը չնայած տվել են «Իսպանական կորիդա» անվանումը, սակայն դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Ատլետիկը» ներկայացնում է Բասկերի երկիրը, իսկ այդ թիմում հանդես են գալիս միմիայն ազգությամբ բասկ ֆուտբոլիստներ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, Բուխարեստի կառավարությունը նախապես ծրագրավորել է թիմերի երկրպագուների տեղաշարժման ուղիները: Ավելին, մետրոյի երկու կայարանները ժամանակավոր վերանվանվել են: Մասնավորապես, դրանցից մեկը մայիսի 6-10-ը կկրի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի անունը, իսկ մյուսը կկոչվի Ֆերնանդո Լյորենտե, որը «Ատլետիկի» ներկայիս ռմբարկուն է (ինքնին պարզ է, թե որ կայարանից որ թիմի երկրպագուները պետք է օգտվեն):
Թիմերն արդեն ժամանել են Բուխարեստ: «Ատլետիկը» ամբողջովին հանգրվանել է տեղի «Ռապիդ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջը պատկանող հյուրանոցում: Վերջինիս սպասարկող կազմը այդ օրերին պետք է կրի «Ատլետիկի» տարբերանշանով համազգեստ:
Ի դեպ, թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան հրաժարվել է գիշերել լյուքս համարում, որի համար ակումբը օրական պետք է վճարեր 1000 եվրո: Նա նախընտրել է գիշերել սովորական համարում, ինչպես իր սաները:
Ռումինիա են ժամանում նաեւ թիմերի երկրպագուները: Նրանցից մեկը արդեն դժգոհել է իսպանական լրատվամիջոցներին, ասելով, որ տաքսու վարորդը իրենից 60 եվրո է պահանջել օդանավակայանից մինչեւ քաղաքի կենտրոն գնալու համար, այն դեպքում, որ տեղացիները դրա համար վճարում են 15 եվրո: