Նախնական պայմանավորվածություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ` Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Ռայմոնդ Ֆերհեյենը 2000 թ. աշխատել է Հոլանդիայի ազգային թիմի մարզչական շտաբում՝ օգնելով Ֆրանկ Ռայկարդին ու Դիկ Ադվոկատին: 2008 թ Եվրոպայի առաջնությունում նա ներգրավված է եղել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդ առիթով ասել է, որ երբ Ռայմոնդ Ֆերհեյենը պաշտոնապես համալրի հավաքականի մարզչական շտաբը, ինքը նոր կտեղեկացնի հոլանդացի մասնագետի պարտականությունների մասին:
Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականում Ռայմոնդ Ֆերհեյենը պատասխան է տվել ֆուտբոլիստների ֆիզպատրաստության համար: Վերջին տարիներին նա աշխատում էր Ուելսի ազգային թիմում: