Դեպի «Զվարթնոց»՝ գնացքով
Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` "Դեպի "Զվարթնոց" միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին":
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ -ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի: Այս մասին հայտնում է Նախարարության մամլո ծառայությունը։
Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը:
Դեպի "Զվարթնոց" միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում: Ի գիտություն է ընդունվել, որ "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ի կողմից արդեն իսկ պատվիրվել է դեպի օդանավակայան երկաթուղային գծի կառուցման նախագիծը, որը կիրականացնի "Տրանսնախագիծ" ՓԲԸ-ն:
Հուշագրով Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար: