Չհասան եզրափակիչ
Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի 2-րդ օրը մեր պատվիրակները չկարողացան լոնդոնյան խաղերի ուղեգիր նվաճել:
Ազատ ոճային ըմբիշ, գերծանր քաշային Ռուսլան Բասիևը արդեն սռաջին փուլում պարտվեց թուրք Տահե Ակգյուլին եւ ավարտեց ելույթները:
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի մրցումներում անհաջողության մատնվեցին 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը, 66 կգ քաշային Սասուն Ղամաբարյանը եւ 84 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը:
Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին երկրորդ փուլում պայքարից հանեց մրցագորգի տեր, բուլղարացի Ալեքսանդր Կոստադինովը: Նույն փուլում սայթաքեց նաեւ Ալեքսան Միքայելյանը, իսկ ահա Հրաչ Հովհաննիսյանը պարտվեց արդեն առաջին իսկ մարտում:
Սասուն Ղամաբարյանը հաղթելով առաջին երեք մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ, սակայն այս փուլում նա լրացուցիչ մրցափուլում զիջեց ֆրանսիացի Ստիվ Ժենոյին` 1:2, 2:1, 0:1:
Մրցումների երրորդ օրը մերոնցից հանդես կգան 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը: Մեր երիտասարդ Եվրոպայի չեմպիոնը պայքարը կսկսի 1/16 երափակիչից` սլովակ Ֆիլիպ Կոզեգիի հետ մրցամարտով: Առաջին փուլում Յուրի Պատրիկեեւի մրցակիցը կլինի հույն ըմբիշ Կսենոֆոն Կուցիումպասը, սակայն հետագայում նրան սպասում է շատ ավելի լուրջ ախոյան` հանձինս օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Խասան Բարոեւի:
Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար նվազագույնը անհրաժեշտ է զբաղեցնել 2-րդ տեղը: