ՀԱՐԳԵՔ ԱՅԼՈՑ ԿԱՐԾԻՔԸ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Ապրիլի 13-ի գիշերը Երեւանի Բաղրամյան պողոտայի վրա ԵԽ անդամ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հանրահավաքի պահին կոպտորեն ոտնահարվեցին ՀՀ քաղաքացիների, ընդդիմադիր գործիչների եւ մեր գործընկեր լրագրողների մարդու հիմնարար իրավունքները:
Իրավապահ մարմինները, բարձրագույն իշխանության հրահանգով, ջրցան մեքենաներով, մահակներով եւ ծխառումբերով հարձակվեցին իրենց կամքն արտահայտելու դուրս ելած մարդկանց դեմ, որից հետո ներխուժեցին ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները եւ զանգվածային ձերբակալությունների ալիքը ծավալվեց, դրա զոհ դարձան անգամ ԱԺ պատգամավորներ:
Դարձյալ ծեծի ենթարկվեցին հայաստանյան եւ արտերկրի լրագրողները, որոնցից խլեցին տեսախցիկներն ու տեսաժապավենները, լուսանկարչական սարքերը, որպեսզի թույլ չտան արտացոլելու իրականության անողոք պատկերը:
Մամուլի ազգային ակումբը դատապարտում է նման ազգակործան վարքագիծը եւ մենք վերջին անգամ կոչ ենք անում Ռոբերտ Քոչարյանին եւ նրան աջակցող կոալիցիոն կուսակցություններին՝ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին, ողջամտություն ցուցաբերել, հարգել եւ հաշվի նստել այլախոհ քաղաքացիների իրավունքների եւ կարծիքների հետ:
ՄԱԱ-ն նաեւ վճռականության կոչ է անում բոլոր այն ուժերին, որոնց համար թանկ են հայրենիքի եւ մարդու ազատությունը՝ համախմբվելու եւ միասնական պաշտպանելու ժողովրդավարությունը Հայաստանում»:
Մամուլի ազգային ակումբ