«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ»
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 13-ին, ժամը 00:30-ի մոտ, երբ ՀՀ Ազգային ժողովի առջեւ հավաքված ցուցարարները խաղաղ տոնում էին հասարակության միասնությունը, անջատվեց Բաղրամյան պողոտայի արտաքին լուսավորությունը: Այնուհետեւ լուրեր տարածվեցին, թե հավաքված ժողովուրդի վրա տանկերով են գալիս: Ընդդիմության լիդերները հայտարարեցին, որ դրանք միայն նպատակ ունեն վախեցնել ցուցարարներին եւ որ խուճապի մատնվելու առիթ չկա: Հանկարծ փշալարերի մյուս կողմում, որտեղ արդեն մոտ մեկ շաբաթ կանգնած են ջրցան մեքենաները, սկսեցին շարժվել դեպի ժողովուրդը` ճանապարհ բացելով սաղավարտավորներին: Բաղրամյան պողոտան կրկին լուսավորվեց, որպեսզի բանակը եւ մեքենան լավ տեսնեն թիրախը: Ջրցանին զուգահեո նետվեցին անհայտ տիպի պայթուցիկներ (հետագայում պարզեցինք, որ դրանք բեկորային էին): ժողովուրդը անսպասելիությունից խուճապի մատնվեց, սակայն չզիջեց իր դիրքերը: Նույն պահին, ԱՄՆ դեսպանատան եւ Չեխովի դպրոցի մոտ հավաքված քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ի սկզբանե ցուցարարների մեջ էին, հանեցին մահակները եւ սկսեցին ծեծի ենթարկել ժողովրդին:
Միեւնույն ժամանակ Ազգային ժողովի ընդունարանից դուրս եկան կարմիր բերետավորները, որոնք մյուս կողմից կազմակերպված միացան ջարդին: Երբ ցուցարարների շրջանում վիրավորների թիվն աճեց, անպաշտպան ժողովուրդը ստիպված էր նահանջել: Սակայն Բաղրամյան - Մոսկովյան խաչմերուկն արդեն փակ էր` սաղավարտավորների մի այլ բանակ մինչեւ ատամները զինված սպասում էր արդեն վախեցած ժողովրդին: Մեզ հայտնի է, որ ցուցարարներից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ` ծանր եւ միջին մարմնական վնասվածքներով: Հայտնի է նաեւ, որ տուժածներից շատերը վախից հիվանդանոց չեն դիմել:
Փաստենք նաեւ, որ Հայկական հեռուստաալիքներից որեւէ նկարահանող խումբ չկար: Միակ անվախ օպերատորը (մեզ հայտնի տվյալներով ՕՌՏ հեռուստտաընկերության) դաժանաբար ծեծվեց եւ զրկվեց տեսախցիկից: Մոտ մեկ ժամ անց, երբ ընդդիմադիր պատգամավորներից շատերը ձերբակալված էին, այդ թվում Շավարշ Քոչարյանը , իսկ ցուցարարները` վերջնականապես ճնշված, իրենց հրամանը բարեխղճորեն իրականացնողները հնարավորություն ստացան զեկուցելու իշխանություններին, որ «կարգ ու կանոնը հաստատված է» եւ իրենք կարող են հանգիստ քնել ...
Այսպիսով Ռոբերտ Քոչարյանը կարող է շարունակել իր նախապատրաստությունները մասնակցելու Փարիզում կայանալիք Շառլ Ազնավուրի հոբելյանական համերգին...