«Բարսելոնան» երեք անգամ ուժե՞ղ է «Չելսիից»
Այսօր կայանալիք չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղում անգլիական «Չելսին» Թեմզայի ափին կընդունի իսպանական «Բարսելոնային»:
Բուքմեյքերների կարծիքով կատալոնյան թիմը այդ հանդիպման ընդգծված ֆավորիտն է: Հյուրերի հաղթանակը նրանք գնահատում են 1,70 գործակից, իսկ դաշտի տերերինը՝ 5,10, ասել է թե, «Բարսելոնան» ուղիղ երեք անգամ ուժեղ է «Չելսիից»:
Դրա համար հիմքեր կան, քանի որ Լոնդոնի «ազնվականները» անկայուն են հանդես գալիս այս մրցաշրջանում: Բարսելոնացիները, հակառակը, ներկայումս շատ հաջող են խաղում: Մասնավորապես, այս տարվա մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «Բարսելոնան» տարբեր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, որից 11-ում հաղթել է, եւ միայն մեկ հանդիպում է ավարտել ոչ-ոքի («Միլանի» հետ՝ 0:0):
Ի դեպ, ուշագրավ հայտնագործություն են արել անգլիացի լրագրողները: Նրանց հաշվարկով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այս մրցաշրջանում միայնակ ավելի շատ գոլեր է խփել եւ ավելի շատ արդյունավետ փոխանցումներ է կատարել (41+14), քան «Չելսիի» 4 հարձակվողները (Դրոգբա, Տորես, Կալու, Ստարիջ) միասին վերցրած (19+8):
Ավելացնենք, «Չելսին» ու «Բարսելոնան» արդեն 10 անգամ մրցել են եվրոգավաթների շրջանակում: Կողմերը տարել են երեքական հաղթանակ, իսկ 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: