Առաջինը մեկնեցին ազատ ոճայինները
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երեկ գիշերը մեկնել է Սոֆիա, որտեղ ապրիլի 20-22-ը տեղի կունենա ըմբշամարտի վարկանիշային առաջին մրցաշարը:
Բուլղարիայի մայրաքաղաքում 2012 թ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն մեր 6 ազատ ոճայիններ՝ Նարեկ Սանոյանը (60 կգ քաշային կարգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ ծանրքաշային Ռուսլան Բասիեւը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի հայ ըմբիշներից օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Միհրան Ջաբուրյանը:
Ապրիլի 19-ի առավոտյան Սոֆիա կմեկնի նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Մեր թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը այդ մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է նույնպես 6 ըմբիշ: 55 կգ քաշային կարգում հանդես կգա Ռոման Ամոյանը, 60 կգ-ում՝ Ալեքսան Միքայելյանը, 66-ում՝ Սասուն Ղամբարյանը, 84 -ում` Հրաչ Հովհաննիսյանը, 96-ում` Արթուր Ալեքսանյանը, գերծանր քաշային կարգում՝ Յուրի Պատրիկեեւը:
Ավելացնենք, որ վարկանիշային 2-րդ մրցաշարը տեղի է ունենալու Չինաստանում` ապրիլի 27-29-ը, իսկ վերջին մրցաշարը` մայիսի 4-6-ը՝ Հելսինկիում: