Առանց ֆավորիտնե՞րի
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 3-րդ տուրի հանդիպումները:
Հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիսը» Իջեւանում կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի Գյումրիի «Շիրակի» հետ:
Մեկնարկային խաղում հաղթանակ տարած Երեւանի «Միկան» սեփական դաշտում կհյուրընկալի «Արարատին»:
Անցած տարվա փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» իր մարզադպրոցում կընդունի Դիլիջանի «Իմպուլսին»: Կապանում տեղի «Գանձասարը» ուժերը կչափի Երեւանի «Բանանցի» հետ:
Բուքմեյքերները այդ խաղերում ֆավորիտներ են համարում «Ուլիսին», «Միկային», «Փյունիկին» եւ «Գանձասարին»: Բոլոր խաղերը կսկսեն ժամը 16:00-ին:
«Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում Հայաստանի հավաքականի եւ «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը գնահատեց թիմերի շանսերը առաջիկա խաղերում:
«Կարծում եմ մեկնարկային տուրի խաղերի նման այս տուրի հանդիպումները նույնպես կանցնեն անզիջում պայքարում: Անձամբ ֆավորիտ չեմ տեսնում ոչ մի խաղում: Թիմերի մեծ մասը համալրված են տեղացի երիտասարդ ֆուտբոլիստներով, ինչը ուրախացնող փաստ է, ուստի գտնվում են հավասար պայմաններում: Ճիշտ է, «Ուլիսն» ու «Գանձասարը» տարբերվում են այդ առումով եւ ավելի թրծված խաղացողներ ունեն, բայց այդ թիմերին հեշտությամբ չեն տրվի հաղթանակները, որովհետեւ երիտասարդ ֆուտբոլիստները ավելի ամբիցիոզ են եւ ավելի մարտական են տրամադրվում բոլոր հանդիպումներին»:
Փորձառու մասնագետը ընդհանրապես հավասար պայքար է ակնկալում ողջ առաջնության ընթացքում, համարելով, որ թիմերի մակարդակները գնալով հավասարվում են: