«10 տարի առաջ կհարվածեի նրա գլխին»
Անգլիական «Մանչեսթըր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ եթե առաջվա նման գործող ֆուտբոլիստ լիներ, ապա ամեն օր կվիճեր Մարիո Բալոտելիի հետ։
Իտալացի մասնագետը հիասթափված է իր սանի պահվածքից, որը Անգլիայի առաջնության «Սանդեռլենդի» հետ խաղից հետո հանդերձարանում վիճաբանել է իր երկու խաղընկերների՝ Յայա Տուրեի եւ Ալեքսանդր Կոլարովի հետ։
«Ես չեմ զարմանում, որ թիմի խաղացողներից շատերը խուսափում են շփվել Բալոտելիի հետ։ Սակայն ես հոգեբան չեմ, որպեսզի ամեն օր խոսեմ նրա հետ։ Ես լիովին հասկանում եմ Յայա Տուրեին։ Եթե 10 տարի առաջ Մարիոն իմ խաղընկերը լիներ, ապա ամեն օր դաստիարակչական նպատակով կհարվածեի նրա գլխին»։
Ռոբերտո Մանչինիի կարծիքով Մարիո Բալոտելիի միակ թերությունն այն է, որ ոչ միշտ է կենտրոնացած լինում խաղի ժամանակ, եւ եթե 21-ամյա հարձակվողը ավելի մեծ ծավալի աշխատանք կատարի խաղադաշտում, ապա կդառնա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։