Կպայքարենք 7 ուղեգրերի համար
Բռնցքամարտի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում, որը տեղի կունենա ապրիլի 13-22-ին թուրքական Տրապիզոն քաղաքում, Հայաստանի հավաքականը հանդես կգա 7 մարզիկով: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Այդ մրցումներում մենք հույսեր ենք կապելու 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի, Հովհաննես Դանիելյանի (52 կգ), Արամ Ավագյանի (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանի (60 կգ), Արա Պուլուզյանի (64 կգ), Հրայր Մաթեւոսյանի (69) եւ Արթուր Խաչատրյանի (81 կգ) հետ:
Ինպես ասաց Կարեն Աղամալյանը, թիմի կազմը վերջնական է, եւ այն փոփոխության կենթարկվի միայն այն դեպքում, եթե բռնցքամարտիկներից մեկը լուրջ վնասվածք ստանա մարզումների ժամանակ:
Նշենք, որ կաշվե ձեռնոցի մեր վարպետները ներկայումս ուսհավաք են անցկացնում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզաբազայում: Ապրիլի 11-ին մեր ընտրանին ավտոբուսով մեկնելու է Թբիլիսի, ապա ինքնաթիռով Ստամբուլ եւ Տրապիզոն:
Հիշեցնենք, որ Հայաստանից օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն մեկ բռնցքամարտիկ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: