«Ռեալը» եւ «Չելսին»
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վերջին երկու ուղեգրերը նվաճեցին Մադրիդ «Ռեալը» եւ Լոնդոնի «Չելսին»:
Իսպանացիները 1/4 եզրափակիչի պատասխան խաղում սպասվածի նման ջախջախեցին Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին՝ 5:2: «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո ասել է, որ իրենք երկու խնդիր լուծեցին այդ խաղում, նախ հաղթանակ տարան, բացի այդ կարողացան հանգիստ տալ մի քանի առաջատար խաղացողներին:
Կիպրոսցիների գլխավոր մարզիչը ետխաղյա մամուլի ասուլիսին հայտարարեց, որ քառորդ եզրափակիչ մտնելը իր թիմի գագաթնակետն էր:
Լոնդոնի «Չելսին» համեմատաբար դժվար հաղթահարեց «Բենֆիկայի» արգելքը: Անգլիացիները արագ առաջ անցան հաշվի մեջ, իսկ 40-րդ րոպեից էլ թվային առավելություն ստացան, որովհետեւ դաշտից հեռացվեց պարտուգալացիների պաշտպան Պերեյրան:
Սակայն դաշտի տերերը վերջում հայտնվեցին բարդ իրավիճակում, քանի որ 85-րդ րոպեին Խավի Գարսիան վերականգնեց հավասարակշռությունը եւ նոր հույս տվեց թիմի երկրպագուներին: Վերջին 10 րոպեներին «Բենֆիկան» ամբողջ թիմով առաջ նետվեց՝ ուղեգիր տվող երկրորդ գոլը խփելու համար, սակայն դա հակառակ էֆեկտ տվեց: «Չելսին» հանդիպման վերջին րոպեին արագ հակագրոհ ձեռնարկեց եւ երկրորդ գնդակը խփեց՝ 2:1:
Այդպիսով, հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի զույգերը: Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի», իսկ «Բարսելանան»՝ «Չելսիի» հետ: