«Ռեալը»՝ բացահայտ ֆավորիտ
Այսօր հայտնի կդառնան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վերջին երկու մասնակիցները: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այդ իրավունքի համար կպայքարեն տեղի «Ռեալը» եւ Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը:
Ըստ մասնագետների, սա ամենականխագուշակելի զույգն է, եւ հաջորդ փուլ կմտնեն իսպանացիները: Նրանց նման եզրակացություն կատարելու առիթ են տվել այն, որ «Ռեալը» նախ հանդես է գալիս սեփական հարկի տակ, որտեղ մինչ այդ հաղթել է իր բոլոր մրցակիցներին, երկրորդ՝ առաջին խաղում մադրիդցիներն արդեն խոշոր հաշվով հաղթանակ են տարել (3:0): Զարմանալի չէ, որ բուքմեյքերները այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Ռեալին», որի հաղթանակը գնահատվում է 1,09 գործակից՝ ԱՊՈԵԼ-ի 21,00-ի դիմաց:
Այսօր կայանալիք «Չելսի» - «Բենֆիկա» հանդիպման հաղթողը նույնպես կասկած չի հարուցում մասնագետների շրջանում, քանի որ անգլիական ակումբը պատասխան խաղից առաջ մեկ գոլի առավելություն ունի:
Ի դեպ, երկու թիմերն էլ կադրային լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել հանդիպումից առաջ: Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել «Բենֆիկայի» հիմնական կազմի խաղացողներ Գարայը, Ժարդելը եւ Վիտորը: Իսկ ահա «Չելսին» հնարավոր է չկարողանա հայտավորել խաղին իր առաջատար հարձակվող Դիդյե Դրոգբային, որը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքներից:
Բուքմեյքերները այս խաղում նույնպես հավատում են դաշտի տերերի հաղթանակին՝ 1,70 գործակից, հյուրերի 5,00-ի դիմաց, սակայն պորտուգալական թիմի ֆուտբոլիստները միաձայն հայտարարել են, որ անգլիացիները պատահական են հաղթել առաջին խաղում (1:0) եւ որ Լոնդոնում կպարզվի, թե ով է ավելի ուժեղ այս զույգում:
Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին: