Բռնցքամարտիկները կմեկնեն Տրաբզոն
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին, որը տեղի է ունենալու ապրիլի 13-22-ը, Թուրքիայի Տրաբզոն քաղաքում:
Իսկ ովքեր են մեր հանրապետությունը ներկայացնելու այդ ստուգատեսում հարցին, մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց.
«Մարտի 27-ից մինչեւ ապրիլի 10-ը հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանում: Դրան կմասնակցեն 20 բռնցքամարտիկ: Կարող եմ նշել, որ երեք քաշային կարգերում (56, 69, 81 կգ) արդեն կողմնորոշվել ենք, թե ովքեր են մեկնելու Թուրքիա: Իսկ ահա մնացած քաշերում դեռ պետք է ընտրություն կատարենք»:
Ըստ Կարեն Աղամալյանի, Հայաստանի հավաքականը վարկանիշային մրցաշարին կմասնակցի 7 կամ 8 հոգով:
Ի դեպ, այդ մրցաշարում քաշային տարբեր կարգերում տարբեր քանակությամբ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Առավել ծանր վիճակում կգտնվեն 64 եւ 91 կգ քաշային բռնցքամարտիկները, քանի որ այդ կարգերում միայն հաղթողները կստանան օլիմպիական վարկանիշ:
Մյուս քաշային կարգերում խաղարկվող ուղեգրերի քանակը.
49 կգ՝ 5 ուղեգիր
52 կգ՝ 3
56 կգ՝ 4
60 կգ՝ 4
69 կգ՝ 2
81 կգ՝ 3
+91 կգ՝ 2