Գրոզնին դուրս կմնա
«Ռուսաստան-2018»-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության քաղաքների ցուցակում կընդգրկվեն միայն այն քաղաքները, որոնք նախապես հայտավորվել էին նախնական ցուցակում:
Դա նշանակում է, որ Չեչնիայի հանրապետության մայրաքաղաք Գրոզնին դուրս կմնա ֆուտբոլային այդ տոնահանդեսից, չնայած 2011 թվականին այդտեղ կառուցվել է ժամանակակից մարզադաշտ, իսկ հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հույսը չէր կորցնում այդ հարցում:
«Մենք ունենք հայեցակարգ, որը հաստատված է մեր կառավարության կողմից, եւ չկան դրանից հրաժարվելու պատճառներ: Բոլոր քաղաքները արդեն երեք տարի է համագործակցում են մեր հետ, ուստի ճիշտ չի լինի փոխել դրանցից որեւէ մեկին» - ասել է Ալեքսեյ Սորոկինը:
Նշենք, որ 2018 թ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը ընդունելու հայտ են ներկայացրել ՌԴ 13 քաղաքներ. Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Յարոսլավլ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սարանսկ, Վոլգոգրադ, Սոչի, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ:
«Ռուսաստան-2018»-ի կազմկոմիտեն, այնուամենայնիվ, պետք է հրաժարվի եւս երկու քաղաքներից, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնակարգով աշխարհի առաջնությունը առավելագույնը կարելի է անցկացնել 11 քաղաքների 12 մարզադաշտերում:
Առաջնության քաղաքների վերջնական ցուցակը կհրապարակվի այս տարվա սեպտեմբերին: