«Իմպուլսը» հաղթեց
Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում:
«Իմպուլսը» հաղթեց «Ուլիսին»
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում Դիլիջանի «Իմպուլսը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Երեւանի «Ուլիսին»;
Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում: 54-րդ րոպեին «Իմպուլսի» նորեկ, մակեդոնացի հարձակվող Ֆիլիպ Տիմովը բացեց հաշիվը, իսկ 81-ին Նորայր Գոյզալյանը 11 մ հարվածով կրկնապատկեց այն:
Հանրապետության չեմպիոնը պատասխան միակ գոլը խփեց նույնպես 11 մ հարվածով. խաղավարտից 1 րոպե առաջ այն վստահ իրացրեց Արսեն Բալաբեկյանը:
Հետխաղյա մամուլի ասուլիս.
Արմեն Գյուլբուդաղյանց («Իմպուլսի» գլխավոր մարզիչ).
- Բավական դիտարժան խաղ ստացվեց: Մեծ պայքար կար: Վերջին 20 րոպեներին «Ուլիսը» մեծ ճնշում գործադրեց մեր դարպասի վրա, բայց տղաները կարողացան դիմանալ: Սա մեծ փորձություն էր մեր ֆուտբոլիստների 80 տոկոսի համար: Ճիշտ է, Էյլազյանը լավ փրկեց, Գյոզալյանը գոլային լավ պահ ստեղծեց, բայց ընդհանուր առմամբ տղաները լավ խաղացին, լավ աշխատեցին: Բոլորից էլ գոհ եմ:
Սեւադա Արզումանյան («Ուլիսի» գլխավոր մարզիչ).
- Գավաթային լարված հանդիպում ստացվեց: Թիմի խաղում մեկնարկային լարվածություն կար: Մեր ֆուտբոլիստների մոտ չէր ստացվում եզրափակիչ հարվածը: Կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես, այսօր «Ուլիսի» հիմնական կազմից բացակայում էին 7 առանցքային խաղացողներ` Արթուր Քոչարյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Շոթա Ջիկիան, Անդրիկյանը, Պատոն (վնասվածքների ունեն), Կրասովսկին (Իրանից չի ստացել տեղափոխման իրավունքը) եւ Միխեիլ Սիմոնյանը (որակազրկված է): Լավ է, որ վերջում կարողացանք գոլ խփել, ինչը մեզ լավ շանս է տալիս պատասխան խաղում:
Այս զույգի հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 11-ին, թիմերի պատասխան հանդիպումից հետո: