Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիսաեզրափակիչը՝ արհեստական խաղադաշտում (տեսանյութ)

Սպորտ
d0014b95f6ca44c5ae7ea04755b7da32

Դիլիջանի «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով, իր թիմին դժվար խաղեր են սպասվում Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում:

«Ուլիսը» մեր հանրապետության լավագույն թիմերից է, ունի կայուն կազմ, կարգապահ եւ կազմակերպված ֆուտբոլ է ցուցադրում»,- վերջին մարզումից առաջ «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց մասնագետը:

«Իմպուլսի» գլխավոր մարզիչը համարում է, որ այս փուլի բոլոր մասնակիցներն էլ հավասար շանսեր ունեն. «Թիմերը քանի դեռ խաղադաշտ չեն մտել, բոլորն էլ հավասար վիճակում են գտնվում: Մենք կաշխատենք օգտվել մեզ ընձեռված հնարավորությունից եւ առաջին անգամ մտնել եզրափակիչ փուլ»,- ասաց Գյուլբուդաղյանցը:

Տարվա առաջին պաշտոնական խաղից մեկ օր առաջ, Արմեն Գյուլբուդաղյանցին մտահոգում է միայն մեկ հարց. «Վիզայի հետ կապված խնդրի պատճառով մենք չկարողացանք խաղին հայտավորել փորձառու պաշտպան Շիլային, որը դեռ չի եկել Հայաստան: Նրան կփոխարինի երիտասարդ Եղիշե Վարդանյանը»:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Իմպուլս» - «Ուլիս» հանդիպումը նախատեսված է մարտի 17-ին: Այն տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խաղադաշտում, ժամը 15:00-ին: