«Բավարիան» դաժան դաս տվեց «Բազելին»
Գերմանական «Բավարիան» ֆուտբոլի դաժան դաս տվեց շվեյցարական «Բազելին»:
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում մյունխենցիները պարզապես ոչնչացրին մրցակցին` 7:0: «Բավարիայի» կազմում պոկերի հեղինակ դարձավ Մարիո Գոմեսը, որը, ըստ գերմանական լրատվամիջոցների, հանդես է եկել թեթեւակի վնասվածքով:
Այդպիսով՝ «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում տարավ ամենախոշոր հաշվով հաղթանակը: Մինչ այդ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Բարսելոնան» իրենց մրցակիցներին հաղթել էին 7:1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարեց նաեւ ֆրանսիական «Մարսելը»: Պատասխան խաղում մարսելցիները Միլանում պարտվեցին տեղի «Ինտերին»` 1:2, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլի օգնությամբ մտան հաջորդ փուլ (թիմերի առաջին խաղն ավարտվել էր ֆրանսիացիների նվազագույն հաղթանակով` 1:0):