Ըմբիշները մարզվում են ֆուտբոլի ակադեմիայում
Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հիացած է Ավանի ֆուտբոլի ակադեմիայով:
«Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ մեզ հնարավորություն տվեց ուսումնամարզական հավաք անցկացնել այս մարզաբազայում: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները` լավ մարզվելու, սնվելու եւ ուժերը վերականգնելու համար: Մարզաբազայի աշխատակազմը ամեն ինչ անում է, որ մեր մարզիկները ոչ մի խնդիրներ չունենան հավաքի ժամանակ: Իրոք, ՀՖՖ-ն իդեալական պայմաններ է ստեղծել մեր ֆուտբոլիստների մարզման համար»,- այսօր մարզական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օլիմպիական խաղերի չեմպիոնը:
Նույնը հաստատեց նաեւ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը: Բանն այն է, որ Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում վերը նշված մարզաբազայում` պատրաստվելով մարտի 4-12-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը եւ օլիմպիական վարկանիշային երեք մրցաշարերին:
Մեր ըմբիշներին հատկապես լուրջ փորձություններ են սպասվում վերջին մրցումներին, քանի որ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար նրանք նվազագույնը պետք է գրավեն 1-2-րդ տեղերը:
Գնահատելով մեր ըմբիշների հնարավորությունները, Լեւոն Ջուլֆալակյանը եւ Արայիկ Բաղդատյանը կարծում են, որ մենք շանսեր ունենք բոլոր քաշային կարգերում, պարզապես հարկավոր է, որ մրցումների ժամանակ համընկնեն հաղթանակի համար պահանջվող բոլոր գործոնները` մարզիկների մարզավիճակը, հոգեբանական պատրաստությունը, անաչառ մրցավարությունը, եւ վերջապես, մարզական բախտը: